BBC-ի տեղեկացմամբ՝ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ առայժմ չի ցանկանում նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի նկատմամբ, որպեսզի չվնասի խաղաղ գործընթացին։ Նրա դիտարկմամբ՝ ռուս-ուկրաինական հակամարտությունը պետք է մնար Եվրոպայի խնդիրը, ԱՄՆ-ը չպետք է միջամտեր, և եթե էական առաջընթաց չլինի, ԱՄՆ-ը իր դերը կարգավորման հարցում կզիջի Եվրոպային։ Նա հավաստիացրել է, որ ամերիկացի զինվորներ ՈՒկրաինայում չեն լինի։                
 

Գոյապայքարի օրենքներն անողոք են

Գոյապայքարի օրենքներն անողոք են
20.05.2025 | 12:02

Կապիտալիզմի պայմաններում վերջին 400+ տարիների ընթացքում Արևմուտքի կողմից կառավարվող միաբևեռությունը, եթե չհաշվենք ԽՍՀՄ-ի ժամանակավոր մասնակի դիմադրությունը նման աշխարհակարգին, առաջին անգամ լինելով, հանդիպում է լուրջ դիմադրության արթնացող մնացած աշխարհի կողմից և, առաջին հերթին, Չինաստանի ու Ռուսաստանի կողմից հակառակ ուժի կուտակումով, որն էլ ներկա սկզբունքային բնույթի գոյապայքարի առանցքն է։

Մարդկության պատմության մեջ սա բազմիցս կրկնված իրավիճակ է, երբ տվյալ ժամանակների դոմինանտ ուժը, քաղաքակրթական դիֆուզիայի մեխանիզմով հարևաններին ուժեղացնելով և, միաժամանակ, նրանց վրա ճնշում գործադրելով, ծնում է հակառակորդ քաղաքակրթական նոր հզորություններ, որոնք սկզբնական շրջանում ձգտում են ուժային հավասարակշռության դոմինանտ ուժի հետ։

Սա հասարակության պատմության ինվարիանտներից է, երբ ցանկացած ուժային միաբևեռություն, լինելով սկզբունքորեն անկայուն, ծնում է ուժային բազմաբևեռություն, որը բևեռների փոքր թվի դեպքում ավելի կայուն է, քան միաբևեռությունը, բայց բևեռների թվի ավելանալու դեպքում աստիճանաբար դառնում է ավելի անկայուն՝ հզորների միջև կոնտակտների ու հարաբերությունների աճի պատճառով։

Եվ ինչպես միաբևեռությունը սպոնտան կերպով ծնում է բազմաբևեռություն, այնպես էլ բևեռների մեծ թվից սպոնտան անցում է կատարվում դեպի դրանց ավելի փոքր թիվը, այսինքն, դեպի հարաբերական ավելի կայուն վիճակ։

Այսինքն, ցանկացած պայմաններում կամայական համակարգ, տվյալ դեպքում՝ մարդկային հասարակությունը, ձգտում է դեպի ավելի հավանական ու ավելի կայուն վիճակի։

Մյուս կողմից էլ, կարճ ժամանակահատվածում որոշակի հավանականությամբ և կոնկրետ իրավիճակից կախված, կարող է անցում, կամ վերադարձ կատարվել նաև դեպի միաբևեռություն։

Ներկայում, հենց նման խառը վիճակում է գտնվում աշխարհը, և ուկրաինական միջնորդավորված պատերազմն էլ հենց այդ խառը վիճակի արտահայտությունն է, որտեղ Ուկրաինային ու իր ժողովրդին տրված է պոտենցիալ զոհի կարգավիճակ։

90-ականների սկզբին 50-միլիոնանոց ծաղկուն երկրի համար, ինչպիսին Ուկրաինան էր, նման ճակատագիրը կթվար անիմաստ ու անհավանական, բայց գոյապայքարի օրենքներն անողոք են, ու եղավ այն, ինչ եղավ, և նույնը շարունակվելու է մինչև հարցի մաքուր ուժային լուծում։

Պարզապես ներկայում, գլոբալ անորոշությունների պայմաններում, հզորների կողմից դեռևս միմյանց ուժերն ու հնարավորությունները տնտղելը շարունակվում է, որի նպատակն է զուգամիտել դեպի թեկուզ ժամանակավոր, բայց գոնե կիսակայուն որևէ լուծում։

Պավել Բարսեղյան

Դիտվել է՝ 569

Մեկնաբանություններ